چکیده : | Սոյն մենագրութիւնը Հայասեանի Հանրապետութեան ՝ 1918-1920/21 թթ. համապարփակ պատմութեան առաջին հատորն է: Բնագիրը, որ հիմնւած է մի շարք լեզուներով ծաւալուն արխիւային նիւթերի՝ փասթաթղթերի ու հրատարակութիւնների վրայ, քառահատոր է, անգլերէն և հրատարակւել է 1971-1996 թթ. ժամանակահատւածում: Առաջին հատորում արծարծւում են փոխկապակցւած այն հանգամանքները, որոնք ուղենշել են 1918 թ. մայիսին Երևանի շուրջ փոքր Հայոց պետութեան ստեղծումն ու նրա առջև ծառացած հանկարծահաս մարտահրաւերները՝ տեղահանւած և աղքատութեան մատնւած ժողովրդի հանդեպ հոգածութիւն և ժողովրդավարական կառավարութեան կառոյցների ստեղծում, Հանրապետութեան յարաբերութիւնները Օսմանեան կայսրութեան և երիտթուրք առաջնորդների, հարևան Ադրբէջանի ու Վրաստանի հանրապետութիւնների, Սպիտակ բանակների ու Խորհրդային իշխանութիւնների և դաշնակիցների ու Ամերիկեան ներկայացուցիչների հետ:Գրքում հանգամանօրէն ներկայացւած են Բորչալուի, Ախլքալաքի, Կարսի, Արդահանի, Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի ու Նախիջևանի շուրջ տարածքային վեճերը, ինչպէս նաև Արևմտեան Հայաստանի գաւառների ու Կիլիկիայի վերաբերեալ հայոց պահանջատիրութիւնը:
Առ 1919 թ. գարուն՝ Հանրապետութեան յաջողւեց տարածւել մինչև Կարս ու Նախիջևան և վերահսկողութեան տակ առնել Լոռու մեծ մասն ու Զանգեզուրը: Անկախութեան առաջին տարեդարձին՝ 1919 թ. մայիսի 28-ին, կառավարութիւնը հրապարակեց Միացեալ Հայաստանի ակտը՝ յոյս փայփայելով, որ Դաշնակիցների և միացեալ Նահանգների աջակցութեամբ իրականութիւն կդառնայ ազատ, անկախ և միացեալ Հայաստանի ստեղծման բաղձալի նպատակը: |