Գրքում զետեղւած առաջին աշխատութեան («Ս.Գօլանճեան հայկական կոտորածները եւ մեր ձեռագրական կորուստները») մէջ ներկայացւած է ԺԹ. դ. վերջին եւ Ի. դ. առաջին երկու տասնամեակի ընթացքում թուրքական աննախադէպ բարբարոսութիւնների հետեւանքով մեր ձեռագիր-գրքային մշակոյթի կորուստների ընդհանուր պատկերը, ապա՝ Յովհաննէս վ. Հիւսեանի «Համառօտ նկարագրութիւն Վասպուրականի մէջ եղած մի քանի նշանաւոր վանքերու» շարադրանքում պատկերւած է Վասպուրական նահանգի վանքերի աւերմունքը: Երրորդ գործը պարունակում է Բաբգէն աթոռակից կաթողիկոս Կիւլէսէրեանի ժողոված յիշատակարանները եւ ձեռագրերի նկարագրութիւնները: Յաջորդ երկուսը Գ. Տէր Վարդանեանի՝ եղեռնից փրկւած մի ձեռագր եւ մի պատառիկի նւիրւած հետազօտութիւններն են, վերջինը հրապարակումն է ԺԸ. դ. վերաբերւող պատմական մեծարժէք երեք փաստաթղթի, որոնք 1919 թ. առաջ պահպանելիս են եղել Ագուլիսի Ս. Թովմա առաքեալի վանքում:
Գիրքը նախատեսւած է հայ միջնադարեան գրքարւեստի եւ մատենադարանների պատմութեան հարցերով հետաքրքրւողների, ընդհանրապէս՝ հայոց պատմութեան եւ բանասիրութեան հարցերով զբաղւող մասնագէտների եւ ուսանողների համար: